Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

«Գրողների միությունը կարագ ու ջեմի վայր չէ, որ գան իրար քաղցրացնեն»

«Գրողների միությունը կարագ ու ջեմի վայր չէ, որ գան իրար քաղցրացնեն»
25.06.2014 | 15:44

Լրանում է Հայաստանի գրողների միության 80-ամյակը: Նախատեսվում են մի շարք միջոցառումներ: Հուլիսի 2-ից նորովի կգործի նաև գրողների միության կայքէջը:

«Հոբելյան կոչվածը միայն ուղերձներն ու պարգևները չեն, նաև ինչ-որ չափով ամփոփելու ենք, թե ինչ է արվել մեր դասական գրականությունը հանրահռչակելու, ժամանակակից գրականությունը տարածելու, թարգմանաբար ներկայացնելու ուղղությամբ»,- գրողների միությունում հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց ՀԳՄ նախագահ ԷԴՈՒԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԸ, հավելելով, որ ամենօրյա աշխատանք է տարվում նաև սփյուռքահայ մոտ 100 գրողի հետ, որոնք, ինչպես անցյալ տարի համագումարում հայտարարվեց, ՀԳՄ անդամներ են:- Կան մարդիկ,որ ունեն թեական վերաբերմունք ստեղծագործական միությունների նկատմամբ: Չպետք է դրանք շփոթել Խորհրդային Միության ստեղծագործական միությունների հետ, որոնք ֆինանսավորվում էին պետությունից, գրքերը հսկայական տպաքանակներով էին լույս տեսնում, բնակարաններ էին տրվում: ԽՍՀՄ-ի ժամանակ գրողների միությունը շատ հարուստ էր, իր միջոցներով կարողանում էր ստեղծել ստեղծագործական տներ և այլ կառույցներ: Ծաղկաձորի ստեղծագործական տունն այդ տարիներին է կառուցվել: Հիմա մեր միությունը հասարակական կազմակերպության կարգավիճակով, սեփական միջոցներով ինքն իրեն պահպանող, ինքնաբավ մի կառույց է»:
Ինչ վերաբերում է գրողների միությունում առկա տարաձայնություններին, ՀԳՄ նախագահն ասաց, որ բանավեճի ակումբ են հիմնել, հնարավորություն են ստեղծում, որ մարդիկ ստեղծագործական խնդիրների շուրջ բանավիճեն, իրենց կարծիքն ասեն: «Գրողների միությունը կարագ ու ջեմի վայր չէ, որ գան իրար քաղցրացնեն: Գրողները պիտի կարծիք ունենան, կարող են վիճել տարբեր թեմաներով, ո՞վ է ասել, որ հինգ հոգի պետք է ասի` մեկը տաղանդավոր է, 6-րդն էլ կրկնի դա: 66 թվականից, ինչ հիշում եմ, միշտ էլ գրողների տունը բուռն վեճերի վայր է եղել»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1112

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ